Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Արվեստում շահում է նա, ով չի կրկնում, այլ ստեղծում է նորը, իրենը»

«Արվեստում շահում է նա, ով չի կրկնում, այլ ստեղծում է նորը, իրենը»
29.08.2008 | 00:00

«ԿՅԱՆՔՈՒՄ ԵՍ «ՄԻՆՈՐԱՅԻՆ» ՄԱՐԴ ԵՄ»
Քնքուշ, կանացի, հմայիչ... այսպիսին է ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Երգերը, որ նա գրում է, կատարում, համահունչ են նրա տեսակին։ Ավարտական փուլում է 4-րդ ձայնասկավառակը, որ կոչվելու է «Կրակի պար»։ Ընդգրկված են զուգերգեր Արթուր Գրիգորյանի, Արսեն Գրիգորյանի հետ, ռոքային կատարումներ (Գիսանե Պալյանի հետ նրա համագործակցությունը շարունակվում է)։ FM 107-ի եթերում վարում է «20-00» հեղինակային ռադիոծրագիրը, ինչպես նաև «Հեռուստախոհանոց» հաղորդաշարը Հովիկի հետ («Արմենիա» հեռուստաընկերություն)։ Սա զուտ աշխատանքային ոլորտն է, իսկ իր հիմնական ուղին երգչուհին միանշանակ համարում է երգարվեստը։
-«Ցանկացած շնորհ՝ լինի գրելու, նկարելու, պարելու, աստվածատուր է, քանզի ամեն մարդ չի կարող լինել գրող, նկարիչ, երգիչ». սրանք Ձեր խոսքերն են։ Ի՞նչ եք կարծում՝ բեմական հմայքը նույնպե՞ս տրված է վերուստ։
-Հմայք ունի յուրաքանչյուր մարդ։ Սակայն գոյություն ունի «բեմի մարդուն» բնորոշ հմայք, որն առանձնանում է իր տեսակով։ Բեմը ոմանց սիրում է, ընդունում, ոմանց՝ ոչ։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ երգը լավ կատարում են, բայց չի հասնում մարդկանց սրտերին. աչքերում կրակ չկա, էներգետիկ դաշտը պասիվ է, հանդիսատեսը ոչինչ չի զգում։ Կան նաև օրինակներ, երբ երգիչը, երգչուհին դուրս են գալիս բեմ, և արդեն իսկ հանդիսատեսը ստանում է այն, ինչը ջերմացնում, հարստացնում է հոգին ու սիրտը։ Դա հենց բեմական հմայքն է, որ հատուկ է ոչ բոլորին։
-Ավելի շատ ռոմանտի՞կ եք, թե՞ գործնական։
-Իմ մեջ զարմանալիորեն խառնված են երկու ծայրահեղ կերպարներ. մեկը՝ երազկոտ, փխրուն, սեթևեթող, մի քիչ կոկետուհի, մյուս կերպարը գործնական է, օբյեկտիվ, սթափ, ռեալիստ և շատ ուժեղ։ Այս երկրորդ տեսակն իմաստուն է և երբ պետք է, կարող է ռոմանտիկ, խենթ Հասմիկին հուշել ճիշտ ճանապարհը։
-Ապագան ինչպիսի՞ն եք պատկերացնում և հաճա՞խ եք մտածում վաղվա օրվա մասին։
-Անցյալում շատ էի մտածում ապագայի մասին, ամեն մի քայլից, որոշումից առաջ մտահոգվում էի, վարանում, քննարկում։ Բայց հիմա սովորել եմ ապրել այսօրվա օրով։ Շատ հանգիստ եմ ընդունում դժվարությունները, խոչընդոտները, որոնք օրը պատրաստում է ինձ համար։ Մի քիչ հավատում եմ նախախնամությանը, այսինքն՝ ճակատագրին։ Բայց նաև գիտեմ, որ կարող ենք ինչ-որ կերպ փոխել մեր կյանքի ընթացքը, որովհետև ճակատագրին համընթաց տրվում է նաև ընտրության իրավունք։
-Ամենամեծ ձեռքբերումը։
-Կարծում եմ՝ դեռ շատ ձեռքբերումներ պիտի ունենամ։ Ես դեռ չեմ հասել այն կետին, որ ինձ համարեմ կայացած։ Ամեն օր նոր բաներ եմ սովորում, նոր քայլեր եմ անում, ինքս ինձ եմ ճանաչում։ Իսկ ամենամեծ ձեռքբերումն այսօրվա համար այն է, որ ես ներդաշնակ ու խաղաղ եմ ապրում ինքս ինձ հետ, ինքս ինձ սիրում եմ իմ թերություններով և առավելություններով։ Իսկ դա ամենահրաշալի բանն է։
-Ինքնահաշտությո՞ւնը՝ այսինքն։
-Այո, ինքնահաշտությունը, ինչը ես գտել եմ շատ բարդություններից, տատանումներից հետո։ Յուրաքանչյուր մարդ ունի իր անցած ճանապարհը, որն իրեն ինչ-որ բան է սովորեցնում։ Կյանքի բավականին դասեր եմ անցել ու չեմ չարացել, այլ գտել եմ խաղաղություն ինքս ինձ հետ։
-Խոհանոց սիրո՞ւմ եք։
-Ո՛չ, չեմ սիրում։ Սիրում եմ պատրաստի համեղ ուտեստներ ճաշակել։ Իտալական խոհանոց եմ սիրում, չինական... Սակայն «Հեռուստախոհանոցի» համար ուզած-չուզած սովորում եմ ինչ-որ բաներ պատրաստել։ Երևի դա էլ կյանքի դասերից էր։ Ինչ չէի սիրում, ինչից փախչում էի, գլխիս եկավ։
-Տղամարդու Ձեր իդեալը, և համապատասխանո՞ւմ է, արդյոք, հայ տղամարդու կերպարն այդ չափանիշներին։
-Ոչ այնքան, թեև շատ սիրում ու հարգում եմ հայ տղամարդկանց։ Այն ջերմությունը, ուժը, պատվախնդրությունը, որ կա հայ տղամարդու մեջ, ուրիշ ոչ մի ազգի տղամարդու մեջ չես տեսնի։ Նրանք ավելի սառն են, կան ազգեր էլ, ուր տղամարդիկ ասես կին լինեն, կանայք՝ տղամարդ, մի տեսակ փափկասուն են։ Ես դա չեմ ընդունում։ Բայց այսօր, երբ նայում եմ շուրջս, նույնը կատարվում է մեզ մոտ՝ քիչ թե շատ։ Գնալով վերանում է տղամարդ ասվածը։ Այն ամուր հենարանը, հուսալիությունը, ուժը, որ, վստահ եմ, ցանկացած կնոջ երազանքն է, այսօր չես գտնի, դժբախտաբար։ Ես, լինելով կին, շատ տղամարդկանցից ինձ ավելի ուժեղ եմ համարում։ Նրանք փախչում են պատասխանատվությունից, չեն գիտակցում՝ որքան լուրջ բան է ընտանիքը, ամուսնությունը, հայր դառնալը, ձգտում են ավելի թեթև կյանքի։ Այսինքն՝ այն հատկանիշները, որոնք անպայման պիտի ունենա իմ իդեալ տղամարդը, կա՛մ չես տեսնի, կա՛մ շատ քիչ են։ Ես շատ հարգում եմ մեր հայկական ավանդույթները, բայց չեմ ընդունում նաև այն տարբերակը, երբ կնոջը փակում են ոսկեզօծ վանդակում՝ որպես ատրիբուտ։ Իմ ընտրած տղամարդն ազատամիտ պետք է լինի, ընդունի ինձ իմ բոլոր թերություններով ու առավելություններով, որովհետև ես ընդունելու եմ նրան այնպիսին, ինչպիսին կա։ Պետք է նաև մի քիչ խենթ լինի։ Կանխատեսելի, միապաղաղ, գորշ մարդկանց չեմ սիրում։ Սիրում եմ վառ անհատականությունների։
-Հասմիկ, կարծում եմ, լավ թեկնածու եք «Եվրատեսիլի» համար, չէի՞ք ուզենա մասնակցել։
-Գուցե մի քիչ ծույլ եմ, պետք է ավելի նպատակասլաց լինեմ, շատ դռներ ծեծեմ... Եթե շատ ուզենամ, կարող եմ մասնակցել։ Սակայն ես ուզում եմ, որ իսկապես հասկանան, գնահատեն և առաջարկեն մասնակցել։ Ես գիտեմ, որ պատրաստ եմ։ Տասը տարի է` բեմում եմ, միայն վերջերս եմ վճռել, որ պատրաստ եմ մենահամերգի իմ քաղաքում։ Ես շատ լուրջ եմ վերաբերվում այդ ամենին։ Թեև ասեմ, որ «Եվրատեսիլն» արտասահմանում այդքան լուրջ մրցույթ չի համարվում, և հիմնականում ուղարկում են ոչ հայտնի երգիչներին, մեզ մոտ է, որ այդպես սրտատրոփ են վերաբերվում։ Հասկանալի է՝ փոքր երկիր է, ուզում է ճանաչում ունենալ աշխարհում։
-Հաճախ եք շրջագայում, ո՞ր երկիրն է ամենավառ տպավորությունը թողել։
-Շատ սիրեցի Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը։ Հետաքրքիր տեսակ ունի. մի քիչ եվրոպական է, մի քիչ` ամերիկյան, իսկ այն բնությունը, կենդանական աշխարհը, որ ունի, ոչ մի ուրիշ երկրում չես հանդիպի։ Գեղեցկության տեսակետից Փարիզն ինձ համար թանգարան էր։ Իսպանիայում ինձ դուր են գալիս մարդիկ, շատ ջերմ են և նման են մեզ, եկեղեցիների ճարտարապետությունը, ֆլամենկո ոճի երաժշտությունն այնքան հոգեհարազատ են, որ արդեն իսկ ստիպում են սիրել այդ երկիրն ու նրա մարդկանց։
-Չե՞ք երգում այդ ոճով։
-Երգում եմ... տանը։
-Ինչպե՞ս եք վերաբերվում բամբասանքներին, և ո՞րն է ամենահետաքրքիր բամբասանքը, որ լսել եք Ձեր մասին։
-«Ես» ամսագրում ապրիլմեկյան հումոր էինք արել, իբր ես ամուսնացել եմ Դիմա Բիլանի հետ և երեխայի եմ սպասում։ Չգիտես ինչու, բոլորը հավատացել էին։ Սոֆի Լորենն ասում էր. «Երբ դադարեն իմ մասին խոսել, ես պետք է նայեմ ինձ հայելու մեջ»։ Այնպես որ, միգուցե լավ է, երբ խոսում են։
-Երբ տխուր եք կամ հիասթափված...
-Ինքնամփոփ եմ դառնում, լսում եմ մելամաղձոտ երգեր, փորձում եմ գտնել իրական պատճառը տխրության, քանի որ երբեմն տրամադրությունս մինորային է դառնում անկախ ամեն ինչից, և, առհասարակ, չնայած իմ կենսախինդ բնույթին, կյանքում շատ «մինորային» մարդ եմ։ Տխրությունն առավել է իմ մեջ։
-Ի՞նչ կմաղթեիք երիտասարդներին, որ նոր են ոտք դնում երգարվեստի աշխարհ։
-Առաջին հերթին թող պարզեն՝ իսկապե՞ս պետք է դա իրենց, բնատո՞ւր է տաղանդը, թե՞ ոչ։ Երգարվեստի աշխարհը շատ ծանր է, բարդ և խոչընդոտներով լի, եթե դա իրենցը չէ, ավելի լավ է հենց սկզբից հետ գնան, նույնիսկ չերազեն։ Իսկ ովքեր արդեն ոտք են դրել և մեծ սպասելիքներ ունեն, կմաղթեմ համբերություն, աշխատասիրություն, երբեք չմնան հետևում, պահպանեն անհատականությունը։ Արվեստում շահում է նա, ով չի կրկնում, այլ ստեղծում է նորը, իրենը։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5365

Մեկնաբանություններ